09/02/2017 18:23
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը ձերբակալվել է. քննարկվում է կալանքի հարցը
«Հետք»-ի լրագրող Զարուհի Մեջլումյանը Հատուկ քննչական ծառայության տարածքից հայտնում է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը ձերբակալված է և այս պահին գտնվում է ՀՔԾ-ում:
Այնտեղ են նաև ընթերականեր՝ քննչական գործողություններ կատարելու համար:
Արդեն կա ձերբակալման մասին որոշում և համապատասխան արձանագրություն: Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը «Հետք»-ի լրագրողին հայտնել է, որ ձերբակալման համար որպես հիմք նշվել է վարույթ իրականացնող մարմնի կանչով չներկայանալը, սակայն, միեւնույն ժամանակ, ըստ փաստաբանի, Արթուր Սարգսյանը վարույթ իրականացնող մարմնի կողմից որեւէ ծանուցագիր չի ստացել:
Փաստաբանը ենթադրում է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կարող է փոխարինվել կալանքով: Առայժմ նման որոշում չկա:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 15-ի սահմաններում Սարգսյանների բնակարան են այցելել ոստիկանության 6-րդ վարչության 9 աշխատակիցներ, որոնցից մեկն է համազգեստով եղել:
Լուսանկարը՝ Hetq.am-ի