10/02/2017 16:17
Քաղաքացիները ՀՔԾ շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն «Հաց բերողի»
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի կալանքից դժգոհ մի շարք քաղաքացիներ հավաքվել են ՀՔԾ-ի դիմաց՝ բողոքելով նրան ձերբակալելու մասին որոշումը:
Քննչական ծառայության շենքի դիմաց հավաքված մարդիկ իրենց հետ հաց են բերել՝ ի նշան բողոքի:
«Մեր բողոքն ենք այսպես արտահայտում, բացի այդ էլ պահանջում ենք, որպեսզի շուտափույթ կերպով նրա կալանքի միջոցը փոխեն և նա հայտնվի ազատության մեջ: Հաց բերողն ընդամենը հաց է բերել սոված մարդուն, մեր երկում այդ պահին դժվար վիճակում գտնվող մարդուն, ի՞նչ է դրա համար պետք է ձերբակալեն, սա ի սկզբանե ապօրինություն էր», - Ազատության եթերում հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակցիները փոձեցին հացը մտցնել ՀՔԾ շենք, մինչդեռ նրանց թույլ չտվեցին. Դրանից հետո ակցիայի մասնակիցները իրենց հետ բերած հացը սկսեցին Արթուր Սարգսյանի անունից բաժանել պատահական անցորդներին:
Երեկ Արթուր Սարգսյանը կանչվել էր ՀՔԾ, դատարանի որոշմամբ՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է, նա կալանավորվել է երկու ամսով:
Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։