10/02/2017 12:09
ՀՀՇ-ն կաջակցի «Ծառուկյան» դաշինքին, իսկ Արարատ Զուրաբյանը կառաջադրվի ռեյտինգային կարգով
«Հայոց համազգային շարժում» կուսակցությունը համագումար չի հրավիրի, քանի որ ընտրություններին մասնակցելու ձևաչափի որոշումն արդեն կայացվել է վարչության նիստում։
«Վարչությունը՝ որպես ղեկավար մարմին, իրավասու է որոշումներ կայացնելու։ Մի քանի օր առաջ վարչության նիստ է տեղի ունեցել, և որոշում է կայացվել, որ մասնակցելու ենք ընտրություններին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը։
Նա տեղեկացրեց, որ ռեյտինգային կարգով իր թեկնածությունը կառաջադրի ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը՝ Կենտրոն համայնքում։
«Աջակցելու ենք «Ծառուկյան» դաշինքին, սակայն դեռ հստակեցված չէ, թե դաշինքի ցուցակում ինչ տեղ կունենա ՀՀՇ-ն», - ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այդ հարցերը կքննարկվեն, երբ դաշինքը վերջնական տեսք կստանա, մնացյալ տեխնիկական հարցերը լուծվեն, և երբ հերթը հասնի ցուցակի կազմմանը։