17/02/2017 11:19
Ինչի՞ հաշվին կարող էին աճել գազի սպառման ծավալները
Մի քանի օր առաջ հայտարարվեց՝ որ այս տարվա հունվարին, 2016-ի հունվարի համեմատ զգալիորեն աճել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազի թե´ ներկրման, թե´ սպառման ծավալները: Լուրի աղբյուրը «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունն էր: Խոսքը էական աճի մասին է՝ ներկրված գազի ծավալները 2016 թվականի հունվարի համեմատ աճել են՝ 31%-ով տոկոսով, իսկ գազի սպառումը՝ 38,5%-ով: Առաջին ռեակցիան, այն էր, որ դա պայմանավորված է հիմնականում ցուրտ ձմեռով: Այդ գործոնը կա անշուշտ, սակայն ոչ միայն:
Ամեն դեպքում իսկապես հետաքրքիր կլիներ իմանալ, թե ո՞ր սպառողների կարգերի հաշվին է հիմնականում տեղի ունեցել աճը: Այսինքն՝ բնակչության կողմից սպառման աճի, թե՞ տնտեսության աշխուժացման արդյունք էր դա: Սակայն մի բան պարզ էր, որ սակագների նվազումը երկու դեպքում էլ խաղացել է իր դերը: Համենայն դեպս «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնական կայքէջում դրան վերաբերվող որևէ տեղեկատվություն չկար, իսկ գազի սպառման վիճակագրությունը ներկայացվում է սովորաբար եռամսյակային պարբերականությամբ և ավելի հստակ այն պարզ կլինի մի քանի անց:
Եթե աճը հիմնականում ապահովել է բնակչության կողմից սպառման աճով, ապա դա էլ հերթին պայմանավորված է և´ ցուրտ ձմեռվա, և´ գազի սակագների նվազման հանգամանքներով, իսկ եթե արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտի կողմից տնտեսության աշխուժացման արդյունքում, ապա այս դեպքում, սա էլ իր հերթին կրկին գազի նվազված սակագների և տնտեսության ոլորտի համար աստիճանաբար ստեղծվող բարենպաստ պայմաններով: Սակայն երկու սեգմենտն էլ, կարծում եմ նպաստել են այդ աճին: Իհարկե, այստեղ այս հարցերի հստակեցման համար որոշ ժամանակ կպահանջվի, միաժամանակ պետք է ուսումնասիրել հետագա ամսիների դինամիկան և վիճակագրության տվյալները, իսկ հիմա կարող ենք ընդամենը ենթադրություններ անել:
Այս ենթատեքստում, հիշեցնենք, որ վերջին տարիներին Ռուսաստանից գազի ներկրման ծավալները անկման միտումներ էին ցույց տալիս, օրինակ՝ 2016 թվականին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1,86 մլրդ. խ.մ բնական գազ, որից իրացվել էր՝ 1,84 մլրդ խ.մ: Իսկ 2015 թվականին ներկրվել էր 2 մլրդ խ.մ։ Այսինքն, նախորդ տարի Ռուսաստանից գազի ներկրման ծավալները նվազել էին ավելի 136 մլն. խ.մ-ով կամ 6,8%-ով:
Անցած տարի 1,84 մլրդ. խ.մ-ից 581 մլն. խ.մ-ը կամ 31 %-ը բնական գազի իրացվել բնակչության կողմից, 467,3 մլն. խ.մ-ը կամ 25%-ը գազալցակայանների կողմից, իսկ էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 420 մլն. խ.մ կամ 23% և 173,1 մլն խ.մ կամ 10%: Այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները կազմել են 202,8 մլն. խ.մ կամ 11%:
Հետաքրքիր էր, որ այս ենթատեքստում 2016-ին բնակչության կողմից սպառված գազի ծավալներն աճել են ավելի քան 10%-ով, իսկ արդյունաբերության, էներգետիկայի ոլորտների ընկերությունների և գազալցակայանների կողմից սպառված գազի ծավալները նվազել են։
Պարզ էր, որ «Գազպրոմ Արմենիան» գազի վաճառքից եկամուտների նվազման խնդիր ուներ և սակագնի նվազումով փորձում է ավելացնել սպառման ծավալները, որով էլ ինքնարժեքի նվազմանը և շահույթների աճին: Այս տարվա հունվարին, արդեն սովորական սպառողի համար դեկտեմբերի համեմատ 1 խ.մ գազը էժան էր 7,7 դրամով, իսկ նախորդ տարվա հունվարի համար՝ 17 դրամով: Իսկ խոշոր սպառողների համար՝ 1000 խ.մ-ի համար այն մոտ 14500 դրամով է պակաս: Առավել ևս, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող որոշ ճյուղերի արդյունաբերողների համար տարբերությունը կազմում է՝ 31500 դրամ:
Անշուշտ գազի սակագնի նվազեցումը որոշակիորեն ազդել քաղաքացիների սպառման վարքագծի վրա, որն էլ սպառել է ավելի շատ բնական գազ: Սակայն, մեր բնակչության ներկայումս խնայողական վարքագծի արդյունքում, նույնիսկ 7,7 կամ 17 դրամով տարբերությունը չէր կարող այդքան նպաստել սպառման ծավալների աճին՝ միայն բնակչության սպառման աճի հաշվին դժվար թե հանրապետության մասշտաբով 38,5% -ով գազի սպառման ծավալները աճեին: Դրան ոչ պակաս կարող էր նպաստել նաև վերամշակող արդյունաբերության և ջերմոցային տնտեսությունների կողմից՝ ներկայիս 212 դոլար սակագնով կամ 65 դոլարով էժանացած գազի նվազման հանգամանքը: Ինչու չէ, նաև 10 000 խ.մ ավել սպառողների՝ սպառումը, իրենց համար 242 դոլար սակագնով:
Անշուշտ հունվարը մեր տնտեսության ամենադեպրեսիվ ամիսներից մեկն է, պայմանավորված ամսվա մեկ երրորդի չափով տոնական օրերի քանակով, սակայն դա չի խանգարել, որ տնտեսության տարբեր ճյուղերի հաշվին նույնպես գազի ծավալների աճ գրանցվեին, իսկ դա էլ խոսում է տնտեսական ակտիվության վերականգման մասին:
Կարելի է ասել, որ որքան շատ է նվազել գազի սակագինը վերը նշված կատեգորիաների համար, այնքան դրանց նպաստը մեծ է եղել գազի իրացման ծավալների աճին: Այսինքն, բնակչության հետ միասին, ամենաշատը ջերմոցային և վերամշակման ճյուղի ձեռնարկությունների կողմից է ապահովել գազի սպառման աճը, ապա հաջորդել են՝ մյուս խոշոր սպառողների՝ էներգետիկայի ոլորտի ձեռնարկությունների և ԱԳԼՃԿ-ի կողմից: Չմոռանանք, որ նույն ջերմոցների համար ցուրտ ձմեռը նույնպես կարող էր գազի սպառման ծավալների աճի պատճառ դառնալ:
Համենայն դեպս, այս փետրվարից, նաև էլեկտրաէներգիայի գների նվազումը գազի գնի նվազման հետ կապված սիներգիկ էֆեկտով որոշակի աշխուժություն կբերի տնտեսության բոլոր ճյուղերի համար: