17/02/2017 10:22
Մարդ-կուսակցությունները կրկին մնացին լուսանցքում. «Ժողովուրդ»
Այս օրերին իր ողջ հմայքով ևս մեկ անգամ երևաց հայ քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը: Բավական էր՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քիչ թե շատ ազդեցիկ որևէ ուժ հայտարարեր դաշինք կազմելու մտադրության մասին, լուսանցքում հայտնված քաղաքական ուժերը մեծ աղմուկ-աղաղակով, ոհմակով «հարձակվում էին» նրա վրա՝ սատարելով ու դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնելով, ընդ որում՝ այդ ամենն արվում էր օրը մի քանի անգամ` հարցազրույցների ու ասուլիսների ուղեկցությամբ:
«Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձից հետո «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարեցին էլ «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցությունից, էլ «Վերակազմյալ սոցիալ- դեմոկրատական հնչակյան» կուսակցությունից, էլ ռամկավարները, էլ «Ազգային համաձայնությունը»: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դաշինքում էլ շտապեցին Դեմկուսը, «Ազգային համաձայնությունը», «Երրորդ հանրապետությունը», Ժողովրդական կուսակցությունը, նաև ԱԻՄ-ը:
Չստացվելուց հետո ԱԻՄ-ը հայտարարեց նաև «Ելք» դաշինքին անդամակցելու մասին, սակայն մերժվեց: Բայց այս, մարդ-կուսակցություններին որևէ մեկն այդպես էլ իր դաշինքում չընդունեց, և հիմա նրանք կրկին վերադարձել են այնտեղ, որտեղից եկել էին՝ քաղաքական լուսանցք», - գրել է «Ժողովուրդ»-ը: