17/02/2017 13:09
Մեզ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ. միայն այդպես կարող ենք մեծացնել մեր անվտանգությունը. Սեյրան Օհանյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը ղեկավարող Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե երեկ արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ապա տեղեկացրեց, թե ովքեր են ընդգրկված իրենց դաշինքում։
««Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը ներկայացնում է մեր պետական քաղաքական գործիչների ամենապատրաստված մասը, մարդ, որը, հրաժարվելով Արևմուտքում իր բարեկեցիկ կյանքից, եկել է Հայաստան և իր կյանքը նվիրել է պետական գործընթացներին», - խոսելով Վարդան Օսկանյանի մասին՝ ասաց Սեյրան Օհանյանը։
Նա ասաց, թե դաշինքի ցուցակում են մարդիկ, ովքեր աչքի են ընկնում իրենց սկզբունքներով, կրթվածությամբ։
«Մեր առաջին քայլը՝ ունենալ պատկառելի թիմ, արդեն արել ենք։ Երկորդ քայլը՝ ունենալ լուրջ մշակված ծրագիր, ընթացքում է, մենք այն մշակում ենք և արդեն ներկայացնելու ենք ձեզ», - ասաց Սեյրան Օհանյանը։
«Այս համակարգով մեր առաջընթացի ռեսուրսներն արդեն սպառվել են, մեզ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ. միայն այդպես կարող ենք մեծացնել մեր անվտանգության աստիճանը», - հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ նշելով, թե ունեն լուրջ թիմ, ովքեր ներկայացնելու են ոլորտային ռազմավարական վերանայումներ։
Օհանյանն ասաց, թե գիտակցում են, որ իրենց համար հեշտ չի լինելու։
«Միամտություն կլինի կարծել, թե այս ամենը մենք չենք հաշվարկել և քայլեր չենք ձեռնարկելու», - նշեց Սեյրան Օհանյանը։