17/02/2017 13:17
2017 թվականի ապրիլի 3-ին կհայտարարվի, որ Կոմունիստական կուսակցությունը ոտք է դրել ԱԺ. Տաճատ Սարգսյան
Կոմունիստական կուսակցությունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հեշտությամբ կարող է հաղթահարել նվազագույն 5 տոկոս ձայների շեմը:
Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանը: Վերջինս վստահեցրեց, որ, Կոմկուսի ԱԺ հայտնվելուն պես, ԱԺ կերպարը միանգամայն կփոխվի, իսկ կուսկացության ընդունած օրենքները կբխեն ժողովրդի շահերից:
«2017 թվականի ապրիլի 3-ին կհայտարարվի, որ Կոմունիստական կուսակցությունը ոտք է դրել Ազգային Ժողով: 2003, 2007 և 2012 թվականներին Կոմկուսը չհայտնվեց ԱԺ-ում, ոչ թե այն պատճառով, որ թույլ էր, այլ այն, որ անկախության տարիներին հենց առաջին օրվանից այն ժամանակվա իշխանությունները Կոմկուսից վերցրին նրա ունեցվածքը», - ասաց նա:
Տ. Սարգսյանի պնդմամբ, եթե ԱԺ-ում կոմունիստական գաղափարախոսություն չի հնչում, ապա տվյալ ԱԺ-ն լիարժեք չէ:
Անդրադառնալով կուսակցության ընտրական ցուցակին՝ Տաճատ Սարգսյանն ընդգծեց, որ Կոմկուսը որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿ) հետ, 173 հոգուց, որոնցից 164-ը ընդգրկված են ռեյտինգային ցուցակներում:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Տաճատ Սարգսյանը, երկրորդ տեղում է Վազգեն Սաֆարյանը, ապա Գագիկ Մանուկյանը, Մառա Շահինյանը, Համլետ Դանիելյանը: