20/02/2017 14:47
Եկեղեցական օրենքների խախտում՝ Պոլսո պատրիարքարանում. Հացպանյան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստան է կանչել Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և Պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
«Կաթողիկոսը հրավիրել է երկու հոգևորականներին՝ Աթեշյանին և Մանշալյանին, որպեսզի ժողովում փորձեն լուծում տալ Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցածին: Հնարավոր լուծումն այն է, որպեսզի մինչև պատրիարքի ընտրությունները պատրիարքարանի հոգևոր խորհուրդը երեք ավագ եպիսկոպոսների՝ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանի, Պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև ընտրի տեղապահի, ով պետք է կազմակերպի Պատրիարքի ընտրությունները, բայց այդ դեպքում, Աթեշյանը պետք է հրաժարվի փոխանորդի պաշտոնից», - նշեց փորձագետը:
Նրա տեղեկացմամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է արդեն ժամանել Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանը, ով համարվում է ամենատարեց ավագ եպիսկոպոսը, որը և մասնակցելու է Էջմիածնում կայանալիք ժողովին:
Փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը պատմեց, որ կաթողիկոսն է հենց հրավիրել այդ բարձրաստիճան հոգևորականներին այն բանից հետո, երբ փետրվարի 15-ին՝ Պոլսո պատրիարքարանում՝ գաղտնի ժողովի ժամանակ հոգևորականների կողմից թուրքերենով արձանագրություն է կազմվել այն բանի մասին, որ Արամ Աթեշյանը պատրիարքի փոխանորդ կմնա մինչև հաջորդ ընտրությունները, որոնք, ըստ այդ փաստաթղթի, տեղի կունենան մայիսի 28-ին: Այդ արձանագրությունը հակասում է եկեղեցական օրենքին, համաձայն որի՝ արգելվում է եկեղեցում ունենալ երկու գլուխ մինչև պատրիարքի ընտրություները. կամ պետք է լինի փոխանորդ, կամ տեղապահ: Ըստ Հացպանյանի, հենց դա է անհանգստացրել կաթողիկոսին, որը հենց ժողովի գիշերը զանգել է Սահակ Մաշալյանին և իր վրդովմունքը հայտնել՝ այդ փաստաթուղթը ստորագրելու համար:
Aysor.am-ի թղթակցի հարցին՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հիմա փաստացի իր հեռացման մասին դիմումը ներկայացրե՞լ է, թե ոչ, փորձագետը նշեց, որ դա արվել է բանավոր կերպով, իսկ այս պահին Կաթողիկոսի խնդրանքով վերջինս մտափոխվել է: