20/02/2017 12:38
130-րդ հորիզոնականում ընդգրկված Առաքել Մովսիսյանն ավելի մեծ շանսեր ունի ԱԺ-ում հայտնվելու, քան առաջին քսանյակում ընդգրկվածները. Արմեն Բաղդասարյան
ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Տեր Պետրոսյանը, բայց ակնհայտ է, որ նա ԱԺ-ում մանդատ չի վերցնելու, նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
«ՀԱԿ-ի ցուցակի պրոբլեմն այն է, որ կուսակցությունը հստակ դիրքորոշում ունի ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ենթադրվում է, որ կուսակցության ցուցակում պիտի լինեն մարդիկ, ովքեր գաղափարախոսության կրողներն են, հիմա ասեք Ստեփան Դեմիրճյանը կամ Գագիկ Ջհանգիրյանը դրա հետ ի՞նչ կապ ունեն», - ասաց նա:
Վերլուծաբանի խոսքով՝ դաշինքները ևս խոստումնալից չեն: Ա. Բաղդասարյանն ընդգծեց, որ Օհանյան-Օսկանյան դաշինքն ինչպես և սկզբում էր անհայտ, թե ինչի էր ձգտում, հիմա ևս՝ վերջնական ձևավորվելուց հետո («Օհանյան-Րաֆֆի-Օկանյան» դաշինք) էլ կրկին անհայտ է, թե ինչ է ուզում:
«Հայտնի չէ՝ որ ուժն իրենից ինչ է ներկայացնում և ինչ է ուզում: Հայտնի է միայն, որ դրանք ուզում են մանդատ վերցնել և ԱԺ-ում հայտնվել», - ընդգծեց նա:
Անդրադառնալով ՀՀԿ ցուցակին՝ Արմեն Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ ցուցակի առաջին 20 հոգին ներկայանալի և պարկեշտ մարդիկ են, մինչդեռ ռեյտինգային ցուցակների առկայության պայմաններում 130-րդ հորիզոնականում ընդգրկված Առաքել Մովսիսյանն ավելի մեծ շանսեր ունի ԱԺ-ում հայտնվելու, քան առաջին քսանյակում ընդգրկվածները:
Արմեն Բաղդասարյանը նաև նշեց, որ թեև որոշ քաղաքական ուժերի ցուցակներում, ինչպես օրինակ՝ ՀԱԿ-ի, «Ելք»-ի և «Ազատ դեմոկրատներ»-ի, ընդգրկված են երիտասարդներ, որով քաղաքական ուժերն ընդգծում են՝ իրենց համար սերնդափոխությունը բավականին կարևոր է, մինչդեռ խնդիրն այն է, որ նրանց ասելիքը նոր չէ: