20/02/2017 12:49
Հզորագույն ներդրումային պետական ֆոնդ ստեղծելը 15 տարի խոսելուց հետո տեղ գտավ միայն Կարեն Կարապետյանի ծրագրում. Բագրատյան
«Ներդրումային բոլոր ֆոնդերի կարգավորումը տրվեց ՀՀ կենտրոնական բանկին, բայց Կենտրոնական բանկի ի՞նչ գործն է հիփոթեքային տուն կառուցելը, բա ինչի՞ համար ենք մենք Սոցապնախարարություն պահում», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերից պետք է կանգնեցներ հարկային օրենսգիրքը, որտեղ ներդրումների առումով փոքրն ավելի շատ է հարկվում, քան խոշորը։
«Չի կանգնեցրել, արդյունքում մեր պետությունը, գործող վարչապետը, ՀՀԿ-ն ներդրումները պատկերացնում են այսպես՝ որ կկանչեն մի ռուսահայի, ով կապիտալով ներդրումներ կանի, ներդրումները ներքին խնայողությունների արդյունք են», - ասաց նա։
Բագրատյանը շեշտեց՝ ինքը չի կարողանում կառավարությունում այսօր բացատրել, որ միջավայրն այնպես անեն, որ նույնիսկ 100 դոլարանոց մարդը ներդրումներին մասնակցի։
ՀՀ նախկին վարչապետն ընդգծեց, որ կառավարությանը խորհուրդ է տրվել ստերիլիզացնել տրանսֆերտները ու ստեղծել հզորագույն ներդրումային պետական ֆոնդ։
«Այս նախադասությունը տեղ գտավ Կարեն Կարապետյանի ծրագրում, 15 տարի խոսելուց հետո, վերջապես, Հանրապետականների ծրագրում դա տեղ գտավ», - նշեց Հ. Բագրատյանը։
Նրա խոսքով, սակայն, ֆոնդն ինքը չի կարող ստեղծվել, որովհետև Կենտրոնական բանկը ոչ մի կոպեկ չի պատրաստվում ստերիլիզացնել։