20/02/2017 11:59
Իրաքի զինվորականներն ԻՊ-ից Մոսուլի արվարձանում գտնվող 14 գյուղ են ազատագրել
Իրաքի զինվորականներն «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման համար մարտերի առաջին օրը հսկողության տակ են առել արվարձանում գտնվող 14 գյուղ: Այդ մասին հայտարարել է գործողության հրամանատար Աբդել Ամիր Յարալան, հայտնում է РИА Новости-ն:
Զինվորական շտաբում նշել են, որ բանակին նաև հաջողվել է հսկողության տակ վերցնել էլեկտրակայանը, որն էլեկտրաէներգիայով է ապահովում Մոսուլի գրեթե ամբողջ արևմտյան հատվածը:
Կիրակի Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է ԻՊ-ից (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մասին:
Արևելյան Մոսուլն ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրվել է 2016 թվականի հոկտեմբերից ընթացող իրաքցի զինվորականների և ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի գործողության ընթացքում: