20/02/2017 11:25
Վարչապետի հանձնարարականի հետքերով. Ի՞նչ է արել Սպորտի նախարարությունը՝ սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման ուղղությամբ
2016 թվականի հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել էր կրճատել անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը և կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներ։
«Մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի ուղղությամբ ամեն օր պետք է զգացվի, որ այդ ուղղությամբ քայլեր կատարվում են: Ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց եթե պետք է նույնիսկ ազգային ծրագիր, հանրապետական ծրագիր ներկայացնել, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճը», - նշել էր Կ.Կարապետյանը:
Aysor.am-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հետաքրքրվել է, թե մինչ այժմ ինչ աշխատանքներ են կատարվել վարչապետի հանձնարարականի ուղղությամբ։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Մարտիրոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի զարգացման ու ոլորտի առավել ակտիվացման նպատակով, ի թիվս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերի, մշակվել և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամաններով հաստատվել են 6 նոր ծրագրերի կանոնակարգեր։
«Դրանք են` ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ և 4-7-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարաների Սպարտակիադան, հանրապետական ուսանողական մարզական խաղերը, ՀՀ գյուղական մարզական խաղերը, տարեցների հանրապետական խաղերը, պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը», - ասաց Ա. Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսից անցկացվում են «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական ամենշաբաթյա, անվճար մարզումներ։
«Յուրաքանչյուր մարզմանը, միջին հաշվով, ներկա է լինում 100 մարզվող։ Բացօթյա մարզումներն անցկացվել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հարակից այգում, «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճում», - նշեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։
Աստղիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ոլորտի զարգացման ու մասսայական սպորտի գաղափարների արմատավորման , ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, մշակման փուլում են նաև բակային սպորտի զարգացման , սպորտային տուրիզմի զարգացման, հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգերի նախագծերի մշակման աշխատանքները։
Ա. Մարտիրոսյանն Aysor.am-ին փոխանցեց, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախարարությունը ավանդաբար կազմակերպում է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք», «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ», «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» ամենամյա մրցույթները, ՀՀ մարզերում ու ԼՂՀ -ում հանրապետական ամենամյա մարզական փառատոնը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը։
«Նախարարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում հաշմանդամային սպորտին, որի շրջանակներում տարբեր ծրագրերով իրականացվել է շուրջ 12 միջոցառում։ Մասնակիցները տեսողական, լսողական, հենաշարժողական ապարատի և մտավոր խնդիրներ ունեցող անձինք են», - ասաց նա։
Ըստ ներկայացված տվյալների՝ ՀՀ պետական բյուջեից հատկացող միջոցների հաշվին 2016 թվականին նախարարության կողմից իրականացված մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 61.500 մարդ։
«Բացի պետական միջոցներով կազմակերպվող միջոցառումներից՝ իրականացվել են նաև ֆիզկուլտուրային -առողջարարական միջոցառումներ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների համար, ինչպես նաև «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» բարեգործական հասարակական կազմերպության սաների համար», - նշեց նա՝ հավելելով, որ նախարարության կողմից մարզական-մասսայական միջոցառումներ են կազմակերպվել նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ դատապարտյալ կանանց համար։
«ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին Նելսոն Ստեփանյանի անվան N71 դպրոցի 5-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը», - նշեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Մարտիրոսյանը։