20/02/2017 14:38
«Եղբորս ծեծել են, սպառնացել, վիրավորել». Օսկանյանի որդու գործողություններից տուժածի եղբայրը մանրամասներ է պատմում (Տեսանյութ)
«Եղբայրս 6 ժամով բացակայել է տանից, մենք անընդհատ փորձել ենք նրա հետ կապ հաստատել, նա հեռախոսին չի պատասխանել: Հետո մեզ օտար մարդ է զանգել և պահանջել է որպեսզի 1 մլն 600 հազար դրամ տանք: Իրենց ասելով՝ եղբայրս պարտք է, բայց հետո պարզվեց, որ այդպիսի բան չի եղել: Ասում էին, մինչև առավոտ պետք է փողը բերեք: Սպառնալիքներից հետո մենք ոստիկանություն դիմեցինք», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի և վերջինիս քեռու որդու՝ Հրանտ Սերադարյանի կողմից բռնության ենթարկված տղայի ավագ եղբայրը՝ Հակոբ Բերբերյանը:
Ներկայացնելով դեպքի մանրամասները՝ Հակոբ Բերբերբյանն ասաց. «Եղբորս հետ եղել են Արա Օսկանյանը, Արա Օսկանյանի քեռու որդի Հրանտը: Արան փորձել է իր ձևով հարցը լուծել՝ վախեցրել է, նույնիսկ ասել է՝ կգամ տունդ կվառեմ, եթե փողը չբերես…. սպառնալիքներ, վիրավորանքներ, ծեծ է եղել: Տեսախցիկները ֆիքսել են ծեծը»:
Հակոբ Բերբերյանը պատմեց, որ իր եղբայրը՝ Նժդեհ Բերբերյանը 18 տարեկան է, նա իր դասընկերոջ՝ սիրիահայ Հրանտի հետ միասին որոշել են խաղադրույք կատարել:
«Հրանտը 17 տարեկան էր, իրավունք չուներ խաղադրույք կատարել, իմ եղբայրն է կատարել խաղադրույքը: Արա Օսկանյանն իմացել է, որ երկու երեխա խաղադրույք են կատարում, փոխանակ ինքը գար և հետ պահեր նրանց այդ քայլից, ընդհակառակը՝ քաջալերել և դրդել է խաղադրույք կատարելու: Խաղադրույքը պարտվել են, գումարը եղբորս՝ Նժդեհի վրա է մնացել, նրան սպառնացել են, ծեծել և գումարը հետ են պահանջել», - հավելեց Հակոբը:
Հակոբ Բերբերյանը նշեց, որ ինքն ու իր ընտանիքը որևէ կապ չունեն քաղաքականության հետ, և իրենք դիմել են ոստիկանություն իրենց անվտանգությունն ապահովելու համար:
«Կան մարդիկ, մանավանդ, լսեցի Արմեն Մարտիրոսյանի խոսքը, որ սա քաղաքական հետապնդում է: Կոչ եմ ուղղում հստակ Արմեն Մարտիրոսյանին, եթե Օսկանյանի ընտանիքը չի մեկնաբանում խնդիրը՝ իմանալով, որ քաղաքականության հետ կապ չունի, կարծում եմ՝ Արմեն Մարտիրոսյանն, ընդհանրապես իրավուքն չունի մենկնաբանելու… մենք ուրախ ենք, որ գոնե այս անգամ ոստիկանությունը ճիշտ է աշխատում», - ընդգծեց նա:
Նա նշեց, որ իրենք վաղուց են ծանոթ Օսկանյանների ընտանիքին: «Իմ եղբայրը Օսկանյանի կնոջ վարսավիրն է: Դեպքից հետո Օսկանյանի կինը զանգահարել է եղբորս, փորձել է հասկանալ իրական պատմությունը: Մենք իրար հասկացել ենք, հիմա գործը ոստիկանության տիրույթում է», - պատմեց Հակոբ Բերբերյանը: