21/02/2017 13:28
60 հոգի խորհրդարանում ոչինչ չի արել, և այդ ոչինչ չանելու քաստինգը մեծացել է. Արամ Մանուկյան
Այս խորհրդարական ընտրությունների ամենաբացասական կողմերից մեկն այն է, որը բոլորն, անկախ ամեն ինչից, փորձում են իշխանություն դառնալ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
«Զգացողություն կար, որ լիքը քաղաքական գործիչներ ու ուժեր ուզում են ցանկացած գնով մտնել իշխանություն և այդ դաշինքները հենց այդ սկզբունքով ձևավորվեցին. իշխանության գնացքը գնում է և դու պետք է մտնես այդ գնացքի մեջ։ Ում հետ, ոնց, ինչ պայմանով ու սկզբունքով՝ կարևոր չէ, բոլորը մխրճվում էին, հետո մի պահ տեսան, որ այդ արհեստական վինեգրետը չի ձգում, սկսեցին թռնել», - ասաց Արամ Մանուկյանը։
Դա, ըստ Արամ Մանուկյանի, այս ընտրությունների ամենաբացասական կողմերից մեկն է։
«Սկզբունք չկար, կար ընդամենը նպատակ՝ հայտնվել պառլամենտում։ Մեծ փողեր ծախսել, գնալ պառլամենտ ոչինչ չանելու համար։ 60 հոգի խորհրդարանում ոչինչ չի արել, և այդ ոչինչ չանելու քաստինգը մեծացել է։ Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է մեյմունությամբ։ Մորեխի նման տեղից տեղ են թռնում, միայն թե հայտնվեն այդ աթոռի վրա», - նշեց պատգամավորը։