21/02/2017 13:43
ՀԱԿ-ը, բժշկի կեցվածքով, դառը անալգին է առաջարկում մեր քաղացիներին. Արամ Մանուկյան
Քաղաքական բոլոր ուժերի ծրագրերը ցանկություններ են արտահայտում, մինչդեռ գրեթե ոչ մեկը հստակ լուծումներ չի առաջարկում: Բոլոր խնդիրները «պետք» է ով են սկսում և ցանկությունների ոլորտից են, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Միակ ուժը, որը, բժշկի կեցվածքով, դառը անալգին է առաջարկում մեր քաղացիներին, ՀԱԿ-ն է: Երբ մարդու գլուխը ցավում է, ոչ հաճելի դեղ է ընդունում, որը կարող է լինել դառը կամ ցավոտ», - ընդգծեց նա:
Ա. Մանուկյանի խոսքով՝ Հայաստանը բոլոր բնագավառներում անկում է ապրում, դրա պատճառով արտագաղթը գնալով ավելանում է:
«Մենք հասել ենք վտանգավոր մի փուլի, երբ հարկավոր է ասել կոնկրետ թվեր, համարձակ նայել իրերին և լուծումներ առաջարկել: Մեր գյուղերը դատարկվում են մեծ արագությամբ: Օրական 11-12 ինքնաթիռ թռնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն և վերադառնում կիսադատարկ», - ասաց նա:
Արամ Մանուկյանը նաև մտահոգություն հայտնեց աշակերտների թվի նվազման վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ գյուղերի մոտ 10 տոկոսը մինչև 5 աշակերտ ունի:
«10 տարի առաջ այդ թիվը 2 անգամ քիչ էր: Հայաստանի դպրոցներում շուրջ 350 դպրոց չունի 100-ից ավելի աշակերտ: Եթե այս տեմպերը շարունակվեն, 20 տարի հետո աշակերտ չենք ունենա», - եզրափակեց խոսքը ՀԱԿ պատգամավորը: