21/02/2017 14:00
Եգիպտոսի դեսպանը հույս է հայտնել, որ ընտրությունները Հայաստանում կանցկացվեն ժողովրդավարության սկզբունքներին համաձայն
Փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Մաաթիին:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, որը նպաստում է երկու պետությունների հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հայ-եգիպտական միջխորհրդարանական համագործակցությունը նոր փուլ կթեւակոխի, ինչը հնարավորություն կտա քննարկումներ անցկացնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` դրանով իսկ նպաստելով հասարակությունների միջեւ շփումների աշխուժացմանը:
Նա հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կխթանի հայ-եգիպտական հարաբերությունները, հատկապես կնպաստի միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը:
ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գալուստ Սահակյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին, հայաստանյան իշխանության եւ ընդդիմության միջեւ ձեռք բերված համաձայնությանը, որը կնպաստի արդար, ժողովրդավարական եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Թարեք Մաաթին նշել է, որ Եգիպտոսում մեծ ուրախությամբ են հետեւում Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացին:
Դեսպանի խոսքով՝ հայ-եգիպտական բազմադարյան հարաբերություններն առավել սերտացել են Եգիպտոսի հայ համայնքի շնորհիվ, որը մեծ դեր է խաղացել երկրի մշակութային եւ հանրային կյանքում:
Թարեք Մաաթին հույս է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն ժողովրդավարության սկզբունքներին համաձայն, եւ նոր ձեւավորվող խորհրդարանում նույնպես կստեղծվի հայ-եգիպտական բարեկամական խումբ: