21/02/2017 13:48
ՅՈՒՆԻՍԵՖ. 1.4 միլիոն երեխա, հնարավոր է, սովամահ լինի
ՄԱԿ–ի Միջազգային մանկական արտակարգ հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է աշխարհի 4 երկրներում 1.4 միլիոն երեխայի հավանական սովամահության մասին: Խոսքը Հարավային Սուդանի, Նիգերիայի, Սոմալիի և Եմենի մասին է, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով BFMTV–ին։
Փորձագետների եզրակացության համաձայն, Եմենում թերսնմամբ է տառապում 462 հազար երեխա, Նիգերիայում նրանց թիվը հասնում է 450 հազարի։ Սոմալիում երաշտի պատճառով սովամահության եզրին է հայտնվել 185 հազար երեխա, մի քանի ամիս անց նրանց թիվը կարող է հասնել մինչև 270 հազարի։ Նույնքան երեխա սովի է մատնված նաև Հարավային Սուդանում։
ՅՈՒՆԻՍԵՖ–ի գործադիր տնօրեն Էնթոնի Լայքը հայտարարել է ողբերգության կանխման համար արագ միջամտության մասին։ «Մենք դեռ կարող ենք փրկել նրանցից շատերին», – հայտարարել է նա։
Հունվարի 27–ին ՄԱԿ–ի արտակարգ օգնության տրամադրման համակարգող Սթիվեն Օ’Բրայենը հայտարարել է, որ Եմենում շարունակվող ռազմական հակամարտությունը սպառնում է իր մասշտաբներով սովամահության ամենամեծ նախադեպի պատճառը դառնալ։