21/02/2017 13:00
Շարմազանով. Արցախի Հանրապետության ճանաչումը ժամանակի հարց է
Արցախում սահմանադրական հանրաքվեն և միջազգային դիտորդների գնահատականները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղն ընթանում է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով, այսօր Ստեփանակերտում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը միասնական է։ Հանրաքվեն ու միջազգային դիտորդների գնահատականները ցույց տվեցին, որ Արցախն ընթանում է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով։ Ապրիլյան իրադարձություններից հետո, սա Արցախում տեղի ունեցած առաջին համապետական միջոցառումն էր և Արցախի հանրությունը միասնաբար ցույց տվեց, որ անկախ ցանկացած ռազմական ավանտյուրայից ինքն անշեղորեն գնալու է ազատ և անկախ պետություն կառուցելու ճանապարհով», - ասաց Է. Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ Արցախում տեղի ունեցած հանրաքվեն կարող է օրինակ լինել տարածաշրջանի բոլոր պետությունների համար։
«Արցախի Հանրապետության ճանաչումը ժամանակի հարց է», - ամփոփեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը։