21/02/2017 11:41
Փենսը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մեծացնել պաշտպանական ծախսերը տարվա վերջին
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն իրենց պաշտպանության համար նախատեսված ծախսերը՝ ստանձնած պարտավորությունները կատարելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ելույթ ունենալով Բրյուսելում՝ Փենսը հայտարարել է, որ ամերիկացի ժողովուրդը կարող է կորցնել համբերությունը, եթե ՆԱՏՕ-ի երկրներն ԱՄՆ-ի հետ չկիսեն պաշտպանական ծախսերի բեռը:
«Նախագահն իրական առաջընթաց է ակնկալում 2017 թվականի վերջին», - հավելել է Փենսը:
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու մնալ ԵՄ-ի հետ համագործակցությանը և գործընկերությանը:
ԱՄՆ փոխնախագահը Բրյուսելում բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Փենսը փորձել է նրանց վստահեցնել, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Եվրոպայի հետ՝ չնայած երկրի նախագահ Դոնալդ Թրամփի որոշ հայտարարություններին: Նա հայտարարել է, որ հենց Թրամփն է խնդրել նրան ժամանել Բրյուսել ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի աջակցությունը հաստատելու համար: