23/02/2017 18:13
Հայ-վրացական հարաբերություններում թևակոխել ենք համագործակցության նոր փուլ. Հայաստանի վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Ողջունելով հայաստանյան գործընկերներին, Վրաստանի վարչապետը նշել է, որ վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով և ավելացրել, որ նման բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով:
«Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը», - ասել է նա՝ ավելացնելով, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը և զարգացումը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն:
«Այսօր երկկողմ հարաբերություններում մենք թևակոխել ենք համագործակցության նոր փուլ: Հայ-վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչը մեր հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գրավականն է: Մեր պատվիրակությունը պատրաստակամ է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից և կփորձենք գտնել համագործակցությունն առավել ակտիվացնելու նոր ուղիներ», - նշել է ՀՀ վարչապետը:
Կարևորելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ տնտեսական համագործակցության ոլորտում լիովին չի օգտագործվում առկա ողջ ներուժը՝ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշների աճին:
Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները:
Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Կողմերը կարևորել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը:
Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետերի ներկայությամբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր:
Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: