23/02/2017 17:20
Ճապոնիան բողոք է ներկայացրել ՌԴ-ին՝ կապված Կուրիլյան կղզիներում դիվիզիա տեղակայելու ծրագրերի հետ
Ճապոնիայի կառավարությունը ռուսական կողմին բողոք է ներկայացրել՝ կապված ՌԴ պաշտպանության նախարարության՝ մեկ տարվա ընթացքում Կուրիլյան կղզիներում դիվիզիա տեղակայելու ծրագրերի հետ: Այս մասին Տոկիոյում ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք ուշադիր հետևում ենք հյուսիսային չորս կղզու տարածքում Ռուսաստանի գործողություններին: Այժմ մենք հավաքում ենք լրացուցիչ տեղեկատվություն դիվիզիա տեղակայելու մասին վերջերս հայտարարած պլանների հետ կապված: Փետրվարի 22-ին և 23-ին մենք դիվանագիտական խողովակներով բողոք ենք ներկայացրել», - ասել է նա:
Սուգան նաև նշել է, որ «ճապոնական կողմը հանդես է գալիս այդ կղզիների հետ կապված խնդրի լուծման ուղղությամբ բանակցությունները շարունակելու և փոխադարձ ընդունելի որոշման հասնելու օգտին»: