23/02/2017 20:38
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի տարածաշրջան
ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բեխլերն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցին։
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածությանն առնչվող հարցեր՝ կարևորելով տարածաշրջանում միակ՝ Երևանում գրասենյակի գործունեությունը:
Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են:
Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը և Գյունտեր Բեխլերն անդրադարձել են ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերին: