23/02/2017 22:32
Շարմազանովը հերքում է. ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը որևէ փաստ չունի, թե ընդդիմադիր գործիչների կամ նրանց ընտանիքների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Ես պաշտոնապես հերքում եմ որևէ քաղաքական ճնշման, որևէ քաղաքական հետապնդման փորձ Հայաստանի Հանրապետությունում, այն էլ՝ ընդդիմադիր մեր գործընկերների կամ նրանց ընտանիքների նկատմամբ: Ես նման փաստ չունեմ», - լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությանը, ասաց Է. Շարմազանովը:
«Կա իրավական խնդիր, Վարդան Օսկանյանի որդին օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել: Եվ եթե կա բողոք, անկախ նրանից, իմ որդին է, ձեր որդին է, Պողոսի կամ Պետրոսի որդին է, բոլորս պետք է օրենքի առաջ լինենք հավասար», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: