23/02/2017 15:09
Չնայած իրավիճակի ողջ բարդությանը՝ յուրաքանչյուր տղա, եթե նորից այդ փորձության առաջ կանգնի, կգնա այն խիզախությանը, որն արել է ապրիլին. Նախարար
Կռվել արժե միայն այն բանի համար, ինչի համար արժե ապրել, իսկ ապրել պետք է այնպես, որ յուրաքանչյուր օր պատրաստ լինես նաև կռվելու հետ ապրածդ կյանքի համար, Բժշկական համալսարանում այսօր ուսանողների, դասախոսների և ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր, հերոսներն, իրականում, մեր մեջ են, հերոսներն այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը, երկմտելը կարող է թվալ բնական, ապացուցում են, որ դա ոչ միայն բնական չի, այլ նաև՝ հարիր չէ։ Եվ եթե այդ հերոսության համար գին է վճարվում, այդ գինը երբեք ու երբեք վատնված գին չէ», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Դիմելով ներկաներին՝ նախարարն ասաց, թե չնայած իրավիճակի ամբողջ բարդությանը, հանդիպմանը ներկա յուրաքանչյուր տղա համոզված է, որ եթե նորից այդ փորձության առաջ կանգներ, կգնար այն խիզախությանը, որն արել է նախորդ տարվա ապրիլին։
«Մենք ձեզ շնորհակալ ու պարտական ենք», - ասաց Վիգեն Սարգսյանը՝ ավելացնելով. «Երբ մենք խոսում ենք նրա մասին, թե իսկ ի՞նչ է վերադարձնում պետությունը հերոսներին, պետությունն այլուր չպետք է փնտրենք, պետությունը յուրաքանչյուրս ենք։ Պետությունը, բացի պետական կառավարման մարմիններից, դա նաև մեր ուսումնական կենտրոններ են, մեր անհատներն են։ Կարծում եմ, որ ապրիլին, ինչպես այստեղ նստած տղաները հանձնեցին իրենց քննությունը, այնպես էլ մեր պետությունը, հասարակությունը հանձնեցին իրենց շատ ծանր քննությունը»: