23/02/2017 14:38
Ջոն Մաքքեյնն Էրդողանի հետ հանդիպումից առաջ գաղտնի այցելել է Սիրիայի քրդերին
Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը գաղտնի ուղևորություն է կատարել Սիրիայի հյուսիս՝ քննարկելով ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարն արագացնելու հնարավորությունը, հայտնում է РБК-ն` հղում անելով The Wall Street Journal-ին:
Մաքքեյնը եղել է Քոբանիում՝ Թուրքիայի հետ սահմանին, որը 2012-ից վերահսկում են քրդերը:
Պարբերականը նշում է, որ Մաքքեյնն ԱՄՆ առաջին կոնգրեսականն է, որն այցելում է այդ շրջան: Բանակցությունները վերաբերում էին ԻՊ մայրաքաղաք համարվող Ռաքքայի առաջիկա գրոհին: Սենատորի գրասենյակում այցելության մասին տեղեկությունը հաստատել են:
Սիրիայից հետո Մաքքեյնը մեկնել է Թուրքիա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման: Ըստ թերթի, ԱՄՆ-ն քրդերին համարում է գլխավոր դաշնակիցներից մեկը ԻՊ դեմ պայքարում, մինչդեռ Թուրքիան մտավախություն ունի քրդերի հարցում: Սակայն Էրդողանի հետ բանակցություններից հետո Մաքքեյնը հանդիպումն անվանեց «ջերմ ու կառուցողական»: