23/02/2017 13:02
Չենք տեսնում, որ իշխանությունը որևէ կերպ զսպում է այս խուլիգանությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ ընտրակաշառքների մասին
Ուզենք, թե չուզենք ՀՀ-ում ընտրություններ կազմակերպողները ՀՀԿ-ն է և ՀՀ իշխանությունը, որը չունի թափանցիկ ընտրություններ կազամակերպելու կամք, նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանը:
«Արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր են հնչում ընտրակաշառքների վերաբերյալ և չենք տեսնում, որ իշխանությունը որևէ կերպ զսպում է այս խուլիգանությունը», - ընդգծեց նա:
Վերջինիս խոսքով՝ իշխանությունը չի ցանկանում, որ այս ընտրությունները տարբերվեն նախորդներից:
Հանդիպման հաջորդ բանախոս ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ընդգծեց, որ ընտրակաշառք վերցնելը հոգի ծախելու նման մի բան է, մինչդեռ եթե մարդն այլ տարբերակ չունի, պատգամավորն առաջարկում է.
«Եթե չես կարողանում չվերցնել ընտրակաշառք, որովհետև քեզ սպառնում են, վերցրու ումից ուզում ես, բայց գնա, ընտրիր քեզ չսպառնողին»:
Մինչդեռ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Լևովա Խաչատրյանը բանախոսներին կոչ արեց ընտրություններից առաջ չխոսել ընտրակաշառքների և ընտրախախտումների մասին՝ ընդգծելով, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները նախաձեռնեց հենց իշխանությունը, որն էլ փաստում է թափանցիկ ընտրություններ ունենալու իշխանության ձգտման մասին:
«Եթե ընտրություններից 1-2 ամիս առաջ սկսել եք խոսել ընտրակաշառքի մասին, ապա ընտրություններում որևէ դրական տեղաշարժ չի լինի: Այս մոտեցումը ճիշտ չէ: Իմ կարծիքով՝ այս ընտրությունները մի քանի քայլ ավելի առաջ են նախորդներից: Այս ընտրությունները կլինեն ավելի դրական, ընտրախախտումներն՝ ավելի քիչ», - ընդգծեց նա: