23/02/2017 12:10
Քարոզչությամբ չեմ զբաղվելու, որովհետև ես 150 հոգանոց ցուցակի մեջ չկամ. Վարդան Արամյան
Քարոզչությամբ չեմ զբաղվելու, ես անելու եմ իմ աշխատանքը, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն` անդրադառնալով դիտարկմանը, թե պետական ապարատի աշխատողներին հանձնարարված է քարոզչություն անել ի օգուտ ՀՀԿ-ի:
«Ես ձեզ վստահեցնում եմ` տենց բան չկա», - ասաց Վարդան Արամյանը` շարունակելով.
«Քարոզչությամբ չեմ զբաղվելու, ես անելու եմ իմ աշխատանքը, որովհետև ես 150 հոգանոց ցուցակի մեջ չկամ: Ինձ տրված է այլ դերակատարություն»:
Նա ընդգծեց` լավագույն աշխատանքն է «ի կատար ածել այն, ինչ մենք ամիսներ առաջ խոստացել ենք մեր հանրությանը»:
«Օրինակ 3-4 ամիս առաջ, երբ խոսում էինք գնումների համակարգում բարեփախումների վերաբերյալ, այսօր արդեն դրանք ի կատար ենք ածել: Պետք է ներկայացնենք հանրությանը, թե ինչ ենք ասում ու ինչ ենք անում», - ասաց նախարարը:
Լրագրողի հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական խոստումներից ո՞րոնք է ի կատար ածել, Ֆինանսների նախարարն առանձնացրեց բնակարան երիտասարդներին ծրագիրը, տնտեսական կառուցվածքի փոփոխությունն ու կենսաթոշակային բարեփոխումները: