23/02/2017 12:32
Հաջորդ տարի կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի. Վարդան Արամյան
Տարվա առաջին ամսի տնտեսական ակտիվության ցուցանիշը ցույց տվեց, որ, հնարավոր է, գերազանցեք 3,2 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշը, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Կարծում եմ, որ առնվազն 3,2 տոկոս ապահովելու ենք: Առաջին ամսում մենք ունեցել ենք 6,5 տոկս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ես կարծում եմ, որ դա հաղթահարել է 3,2 տոկոսը: Եթե արտաքին աշխատանքից ցնցումներ չլինեն, մենք մի փոքր բարձ ցուցանիշ կունենանք», - ասաց Ֆինանսների նախարարը:
Անդրադառնալով հարցին, որ 2008թ.-ից ՀՀ արտաքին պարտքն ավելացել է շուրջ 3 անգամ, Վարդան Արամյանը հորդորեց ամեն ինչ նայել հարաբերության մեջ:
«2002թ.-ից 2008թ.-ը տնտեսական վերելքի պարբերաշրջան էր ամբողջ աշխարհում, իսկ 2008թ.-ից աշխարհում անկման պարբերաշրջան է: Ամբողջ աշխարհում տնտեսական ցիկլերը տևում են են մինիմում 6, առավելագույնը` 11 տարի: Դրա համար մենք պետք է հաշվի նստենք դրա հետ: Մեզ պետք է ավելի բարձր տնտեսական աճ, քան 3,2 տոկոսն է», - ասաց Վարդան Արամյանն` ընդգծելով, որ հավակնելու են ավելի բարձր ցուցանիշների:
«Հաջորդ տարի կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի», - ամփոփեց նախարարը: