23/02/2017 17:58
100-200 դեպքի ուսումնասիրությունից 4-5 դեպք է հայտնաբերվել, երբ զինգրքույկում պետք էր ուղղում կատարել. Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախարարությունը հետամուտ է զինծառայողների զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու մասին նշումի հետ կապված խնդրին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հետամուտ ենք նշումների հետ կապված հարցերին: Ունենք արդյունավետ աշխատող թեժ գիծ` 1-28 հեռախոսահամարով, որն օրական 100-ից 150 զանգ է ընդունում: Հատուկ այդ թեմայով մասնագետներ կան, որոնք անուն առ անուն գրանցում են յուրաքանչյուր դեպք ու ուսումնասիրում են», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ իրականում շատ քիչ են այն դեպքերը, երբ սխալմունք է եղել ու անհրաժեշտ է ուղղում կատարել:
«Կան դեպքեր, երբ մարդը եղել է այն զորամասում, որը մարտական գործողություններին մասնակցել է, բայց ինքն անձամբ այդ օրը մարտական հերթապահության չի եղել: Կան զինծառայողներ, որոնք իրականում եղել են մասնակից, բայց սխալմունքով իրենց մոտ նման նշում չի կատարվել: Դեպքերը քիչ են, 100-200 նման դեպքերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է 4-5 դեպք, որ անհրաժեշտություն է եղել ուղղում կատարելու: Բոլոր զինկոմիսարիատները ստացել են համապատասխան աշխատանքի ուղեցույցներ և մեր վարչություններն այդ դեպքերն ուսումնասիրում են անհատապես», - ասաց նախարարը:
Նա նշեց, որ իրավիճակը ունի նաև որոշակի զգացմունքային ֆոն:
«Կարծում եմ` կա ներգրավված էմոցիոնալ դաշտ, երբ բոլորը ցանկություն են ունեցել ապրիլյան գործողություններից հետո բոլոր այն տղաներին, որոնք մարտական հերթապահություն իրականացնող զորմասերում ծառայելիս են եղել նշում կատարել մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ: Հարցն ուղղվող է», - ամփոփեց Վիգեն Սարգսյանը: