23/02/2017 11:52
Վիգեն Սարգսյանը մեկնաբանում է բուռն քննարկման առարկա դարձած «զինվորի ծխախոտը խլելու» թեման
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ մամուլում բուռն քննարկման թեմա դարձած զինված ուժերի պարենային ապահովման չափաքանակներից ծխախոտի հատկացումը հանելուն:
«Ուզում եմ պարզաբանել, որ խոսքը վերաբերում է տվյալ դեպքում պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը փոխհատուցվել է գումարով դեռ տարիներ առաջ և ժամկետային զինծառայողները ծխախոտ չեն ստացել, այսպես թե այնպես», - ասաց նա:
Նրա խոսքով՝ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում պայմանագրային զինծառաողներին հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ, որը ՊՆ-ի գնահատմամբ, չի տեղավորվել իրենց քաղաքականության ու տրամաբանության մեջ:
«Դրա համար մենք առաջարկեցինք այդ նույն գումարը, որը ծախսվել է ծխախոտը ձեռք բերելու համար, ավելացնել ստացվող հավելավճարի մեջ, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք, ովքեր ծխում են, կարողանան ընտրեն իրենց նախընտրած ծխախոտը և ձեռք բերեն այն կամ այդ գումարն օգտագործեն իրենց հայեցողությամբ որևէ այլ նպատակով», - նշեց Վիգեն Սարգսյանը:
Նա շեշտեց՝ երեկ շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես այս թեման դարձավ զինվորի ծխախոտը խլելու կամ այդ գումարը այլ նպատակներին ուղղելու թեմա:
«Դրա համար եք տենց մանրամասն մեզ պատմում», - արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հա, որովհետև երեկ շատ բուռն ա քննարկվել էս թեման», - պատասխանեց պաշտպանության նախարարը: