23/02/2017 15:44
Չեմ կարծում, թե մոտեցել ենք այն շեմին, որտեղ պարտադիր ծառայությունը կարող է տարածվել և՛ տղամարդկանց, և՛ կանանց վրա. Վիգեն Սարգսյան
Եթե կանանց կողմից կա պայմանագրային ծառայության անցնելու ձգտում ու ցանկություն, պետք է նրանց այդպիսի հնարավորություն տանք, ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ, Երևանի պետական բշկական համալսարանում ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Այս տարիներին զինված ուժերում կանանց թիվը հետևողականորեն աճել է, և մենք շարունակելու ենք դրան ուղղված մեր քաղաքականությունը», - ասաց նախարարը։
Ուսանողուհիներից մեկի հարցին, թե աղջիկներն ի՞նչ կերպ կարող են ընդգրկվել զինված ուժերում, քանի որ վերջիններիս կողմից ցանկություն կա լինել առաջնագծում, օգտակար լինել զինվորներին, պաշտպանության նախարարն արձագանքեց.
«Մենք դրա ականատեսն ենք լինում ոչ միայն ապրիլյան օրերից, այլ սկսած Արցախյան հերոսամարտի օրերից, և այսօր էլ երբ սահմանամերձ գյուղերում վարժանքներ ու նախապատրաստական միջոցառումներ ենք իրականացնում, տեսնում ենք կանանց շատ մեծ շահագրգռվածություն՝ մաս լինելու և զենք կրելու հմտություններն ունենալու։ Ես վստահ եմ, որ առհասարակ կյանքի բոլոր ոլորտներում կանանց համար պետք է ստեղծվեն հավասար հնարավորություններ։ Չեմ կարծում, թե մոտեցել ենք այն շեմին, որտեղ պարտադիր ծառայությունը կարող է տարածվել և՛ տղամարդկանց, և՛ կանանց վրա, կարծում եմ, որ դա ժամանակի մեջ վերափոխման, իմաստավորման և քննարկման միայն առարկա կարող է դառնալ։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այն կանայք, աղջիկները, ովքեր ուզում են զինվորական ծառայության մեջ դրսևորվել, պետք է ունենան այդպիսի հնարավորություն։ Մենք՝ որպես Զինված ուժեր և բանակ, պարտավոր ենք ընդլայնել այդ հնարավորությունները»։