23/02/2017 22:15
Ադրբեջանում շուտով չայխանայի շուրջ ազգային անվտանգության նիստ կվարեն. Էդուարդ Շարմազանով
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը, այլև իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Թե՛ Լապշինի մութ գործարքը, թե՛ Արցախի հանրաքվեի հիստերիկ և ոչ ադեկվատ արձագանքը, թե՛ սև ցուցակի ընդլայնումը, թե՛ Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ քրեական հետախուզում հայտարարելը ոչ այլ ինչ են, քան օրինակներ դասական աբսուրդի ժանրից», - ասաց Է. Շարմազանովը՝ միաժամանակ նշելով, թե այդ ամենը ծիծաղելի է:
Նրա խոսքով՝ մի երկրում, որտեղ ոչ թե սուլթանություն կամ խանություն է կառուցվում, այլ ընտանեկան բացահայտ կառավարում, ոչինչ զարմանալի չէ:
«Չեմ էլ զարմանա, որ մյուս օրը տիկին Մեհրիբանը կլինի ոչ թե փոխնախագահ, այլ որդին լինի վարչապետ, մյուս աղջիկը լինի պառլամենտի նախագահ և չայխանայի շուրջ ազգային անվտանգության նիստ վարեն: Այդ երկրից պետք չէ զարմանալ», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: