23/02/2017 11:24
Վարչապետը ջրպետկոմի ներկայացրած թիվն անթույլատրելի համարեց ու 10 օր ժամանակ տվեց
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ոռոգման նախապատրաստական աշխատանանքերի վերաբերյալ հանձնարարականով:
«Մենք նախկինում հանձնարարել էինք կատարել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն ու վերլուծություն», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ջրային պետական կոմիտեի տվյալների համաձայն, փաստացի, ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47 տոկոսը:
«Այդ թիվը համարում ենք անթույլատրելի», - նշեց Կարեն Կարապետյանը:
Նա ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի, կադաստրի պետական կոմիտեի նախագահներին հանձնարարեց 10-օրյա ժամկետում կադաստրային և փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ:
«Մենք անհամամասնությունից ընտրել ենք ամենաշատ անհամամասնության 20 համայնքները և շարունակական գնալու ենք առաջ», ՙ-հավելեց Կարեն Կարապետյանը: