24/02/2017 15:59
Հայաստանում նոր զբոսաշրջության ուղղություն է զարգանալու. Զեյթունցյան
Հայաստանում գործարկվելու է ամբողջ աշխարհում հայտնի կորպորատիվ զբոսաշրջության ճյուղը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Այս պահին մեր գերակա խնդիրն է կորպորատիվ և միջոցառումային զբոսաշրջություն զարգացնելը, որովհետև դրա համար Հայաստանը թե՛իր հասանելիությամբ, թե՛մատչելիությամբ շատ գրավիչ է», - նշեց Զ. Զեյթունցյանը:
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը հայտնեց, որ MICE-ը (Meetings, Incentives, Conferences and Exhibitions) միջոցառումային զբոսաշրջությունն ամբողջ աշհարհում հայտնի է, և Հայաստանում դրա զարգացման համար կան բոլոր նախադրյալները:
Նա նաև ներկայացրեց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի հետագա քայլերն այդ ուղղությամբ:
«Մենք հիմա հավաքագրում ենք Հայաստանում բոլոր ռեսուրսները, այսինքն՝ այն հյուրանոցների մասին տվյալները, որոնք ունեն միջոցառումային տուրիզմի համար նախատեսված դահլիճներ: Նաև պատրաստվում ենք կայք՝ MICE in Armenia անվանումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանում միջոցառումային տուրիզմի համար նախատեսված բոլոր հնարավորությունները և պայմանները: MICE-ի համար մեր շուկան ՌԴ-ն է և Արաբական ծոցի երկրները», - եզրափակեց խոսքը Զ. Զեյթունցյանը: