24/02/2017 14:56
Հարուցվել է քրգործ՝ Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Վանաձորում 53-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Փետրվարի 23-ին՝ ժ.20.10-ին, «Վանաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի և գոտկային շրջանի կտրած-պատռած վերքեր՝ ձախից, ձախ ձեռքի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձոր քաղաքի 53-ամյա բնակիչ։
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակչին մարմնական վնասվածքներ են պատճառվել 2017 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, մասնավոր բնույթի հարցերի շուրջ Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Կասկածյալը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: