24/02/2017 13:28
Որոնվում է տղամարդը, որը խանութից երկու տուփ սուրճ է գողացել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մթերային խանութից կատարված գողության հանգամանքները։
2016թ. նոյեմբերի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:43-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող մթերային խանութից գաղտնի հափշտակել է երկու տուփ սուրճ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է միջին տարիքի մի տղամարդ մոտենում տաղավարին, վերցնում ինչ-որ առարկաներ, թաքցնում հագուստի մեջ և հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։