24/02/2017 21:10
Ավստրիայում դատում են փախստականի Սիրիայում 20 մարդու սպանության համար
Ավստրիայի իշխանությունները Սիրիայից ապաստանի համար դիմած 27-ամյա փախստականին մեղադրել են «ահաբեկչության հիմքի վրա սպանություններ իրականացնելու համար»: Քննության վարկածով՝ Հոմսում մարտերից հետո մեղադրյալը սպանել է 20 անզեն կամ վիրավոր սիրիացու, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա նկատմամբ դատը կայանալու է մարտի վերջին:
Der Standard թերթի տվյալներով՝ խոսքը քաղաքացիություն չունեցող պաղեստինցու մասին է, որը մեծացել է Հոմսում փախստականների ճամբարում:
Ավստրիական ԶԼՄ-ները գրում են, որ մեղադրյալն ինքն է պատմել փախստականների ավստրիական կենտրոնում իր հարևաններին, որ կռվել է «Սիրիական ազատ բանակ»-ի հետ կապված իսլամիստական խմբավորման շարքերում և սպանել կառավարական զորքերի զինվորներին:
Մեղադրյալի նկատմամբ հետաքննությունը սկսվել է դեռ անցած տարի, երբ իշխանություններին հայտնի է դարձել նրա անցյալը:
Մեղադրյալը չի ընդունում իր մեղքը: Փաստաբանները պնդում են, որ այդ ընթացքում նրանց պաշտպանյալը լուրջ հոգեբանական ապրումներ է ունեցել:
Չնայած մեղադրյալն Ավստրիայի քաղաքացի չէ և երկրի տարածքում հանցագործություններ չի կատարել՝ նրան Սիրիա արտահանձնելն անհնար է՝ այնտեղ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով:
Երկրի սահմաններից դուրս կատարած հանցագործությունների համար մեղադրյալի դեմ դատական գործընթաց սկսելու որոշումը հավանաբար Ավստրիայում կայացվել է առաջին անգամ: