25/02/2017 15:41
Մարդիկ այսօր շատ են կարդում, բայց կարդում են ավելի շատ լուրեր. համացանցը բոլոր սահմանները ջնջել է. Գրական զրույց՝ Արտակ Դավթյանի հետ
Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը շարունակում է ընթերցանությանը նվիրված շարքը: Ճանաչված քաղաքական գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:
Aysor.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը:
- Ո՞րն է Ձեր ամենասիրած գիրքը:
- Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» և Ջոն Սթայնբեքի «Մկների և մարդկանց մասին» ստեղծագործությունները:
- Ինչու՞ հենց այդ երկու գրքերը:
- Դժվար է բացատրել՝ ինչու, որովհետև գիրքն ինքն ամբողջովին տիեզերք է: Ես նշեցի այս երկու գրքերը, որոնք ամենից շատ են հետք թողել. երկու գրքերում էլ առկա են խորքային հարցեր՝ բարուն, չարին, գեղեցիկին, ընկերությանը վերաբերող, որոնք և հենց մեր կյանքի մասն են կազմում: Այս գրքերը կարդալիս ամբողջովին ցնցվում ես:
- Կա՞ այդպիսի գիրք կամ հերոս, որը կարողացել է փոխել Ձեր ներաշխարհը:
- Ցանկացած ստեղծագործությունից, անկասկած, ինչ-որ բան վերցնում ես, ցանկանում ես նմանվել՝ սկսած «Վարդանանք»-ից, Րաֆֆու «Սամվել»-ից և վերջացրած Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսով: Նշեմ նաև Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» կամ Դոստոևսկու, Դրայզերի հերոսներին. յուրաքանչյուրն իր հետքը թողնում է:
- Ձեր նշված ստեղծագործությունները կոնկրետ ինչո՞վ են ավելի տպավորել, կամ ինչու չէ՝ նաև ցնցել:
- Յուրաքանչյուրը յուրովի: Գրքի և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տարբերությունն այն է, որ գիրքը շատ ավելի ջերմ է, գրքի հետ քո շփումն այլ է, ընթերցելով այն՝ փորձում ես պրոեկտել քո իմացած մարդկանց վրա, ապա յուրաքանչյուր դրվագ կարող ես հետ գալ և վերընթերցել: Այս ամենն աննկարագրելի է, նաև ինչ-որ տեղ անբացատրելի, դրանով էլ հետաքրքիր է գիրքը:
- Դրակա՞ն, թե՞ բացասական հերոսներն են, ըստ Ձեզ, հետաքրքիր:
- Երկուսն էլ հետաքրքիր են. հենց երկուսի կոնտրաստն է, որ բոլոր հարցերի՝ ո՞րն է ճիշտ կամ սխալ, բարի կամ չար, գեղեցիկ կամ տգեղ, պատասխաններն է տալիս: Պատասխանները՝ դրական և բացասական հերոսների համեմատությունների մեջ են:
- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
- Վերընթերցել եմ Ջոն Սթայնբեքի «Մկների և մարդկանց մասին» ստեղծագործությունը:
- Տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գրքեր եք նախընտրում:
- Էլեկտրոնային տարբերակով ես գիրք չեմ ընթերցում: Իմ կարծիքով՝ դրա մեջ ինչ-որ արհեստական բան կա: Երբ գիրքը ձեռքիդ չի, գիրքը չես թերթում, ինչ-որ տեղ, ինչու չէ՝ գրքի հոտը, գիրքը ամբողջ զգայարաններով զգում ես՝ ի տարբերություն էլեկտրոնայինի:
- Ըստ Ձեզ՝ ինչու՞ են հիմա քիչ կարդում: Արդյոք գիրքը կորցնում է իր նախկին արժեք:
- Ես մի ուղղում մտցնեմ՝ ոչ թե քիչ են կարդում, այլ գիրքն են ավելի քիչ կարդում: Այսօր շատ են կարդում, բայց կարդում են ավելի շատ լուրեր. համացանցը բոլոր սահմանները ջնջել է: Մեր ժամանակ, երբ ես սովորում էի, կային ոչ գերազանցիկ սովորողներ, ովքեր չէին մտնում ընթերցանության դաշտը, իսկ հիմա բոլոր այդ սահմաններն էլ են ջնջվել: Ըստ էության, դասական ավելի քիչ են կարդում, ինչն ամենևին չի նշանակում, որ գիրքը կկորցնի իր արժեքը, քանի որ այն փոխանցում է բոլոր զգայարանների միջոցով այն ինֆորմացիան, որը էլեկտրոնային միջոցները չեն կարող փոխանցել: Բացի այդ, տպագիր գրքի միջոցով հեղինակ-ընթերցող կապն անմիջական է:
- Հայ երիտասարդներին ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք կարդալ:
- Վերը նշված երկու գրքերն էլ, ինչպես նկատեցիք, արտասահմանյան ստեղծագործություններն էին: Անկախ ամեն ինչից, խորհուրդ կտամ կարդալ դասական գրականություն, որն ամենևին չի նշանակում ռուս կամ արտասահամանյան գրականություն, այլ մեր հայ դասականներին էլ թող կարդան, քանի որ ունենք շատ խորը հեղինակներ: Ինչևէ, խորհուրդ կտամ կարդալ դասականներին՝ հայ, թե արտասահմանյան, էական չէ:
- Ի՞նչ մեջբերում կհիշեք, որ առավել տպավորվել է:
- Նարեկացուց երկտող՝
…Թաղված մեղքերի գարշելի տիղմում՝
Ո՛չ մեռած եմ ես և ո՛չ կենդանի։
Այդ երկփեղված վիճակը Նարեկացու մոտ, երբ մտորում ես այս կամ այն խնդրի կամ հարցի շուրջ, հասկանում ես, որ անկախ ամեն ինչից՝ այդ երկփեղվածությունը յուրաքանչյուրի մոտ առկա է:
- Կնշեք այն առաջնային պատճառները, որոնց համաձայն քաղաքական գործիչը պետք է կարդացած լինի:
- Ոչ միայն քաղաքական գործիչը՝ բոլորը: Բայց ինչու՞ պետք է լինի: Բնական է, որ մեր ազգն այսպես թե այնպես, իմ կողմից դա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ իր հարատևությունը, գոյությունը, ապագային ուղղված հայացքը պահպանել է միայն ընթերցելով, կրթվելով և ամեն ինչ անելով, որպեսզի հաջորդ սերունդն ավելի կիրթ լինի: Պատահական չէ այն, ինչ մեզ պատմությունից է հայտնի, մենք կյանքի գնով մագաղաթներ ու գրքեր ենք փրկել: