25/02/2017 17:33
ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են միջուկային վառելիքի համատեղ արտադրության հարցում
Իրանի և Ռուսաստանի իշխանությունները հավանություն են տվել միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզին», հայտարարել է Իրանի փոխնախագահ, ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է РИА Новости-ն:
«Ատոմի հարցերով բանակցությունների շրջանակում քննարկված օգտակար կետերից ամենակարևորը եղել է ՌԴ-ի և Իրանի համատեղ միջուկային վառելիքի արտադրությունը: Մենք խոսել ենք այն մասին, որ այդ ոլորտում ունենք Ռուսաստանի օգնության կարիքը», - ասել է Սալեհին:
Նա ընդգծել է, որ հաջողվել է պայմանավորվել Ռուսաստանի հետ երկար խորհրդատվությունների արդյունքում:
«Այդպիսով, երկար և ինտենսիվ բանակցություններից հետո, որոնք տևել են ավելի քանի երկու տարի, մեր փոխադարձ ըմբռնումը հանգել է ճանապարհային քարտեզի», - ասել է Սալեհին՝ հիշատակելով նաև իր տեղակալ Բեհրուզ Կամալիվանդիի հունվարյան այցը Մոսկվա:
«Պարոն Կամալիվանդին Ռուսաստան իր վերջին այցի ընթացքում կազմել է այդ ճանապարհային քարտեզը: Պետք է նշել, որ այդ քարտեզը հաստատվել է երկու երկրների իշխանությունների կողմից»,- նշել է նա: