25/02/2017 15:48
Գործող համակարգով Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են. Սեյրան Օհանյան
Մենք ապրում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական զարգացումների փուլում, և հաշվի առնելով մեր առջև ծառացած մարտահրավերների խորությունը՝ ինձ համար հարցերի հարցը Արցախի անվտանգությունն է, այս մասին ՕՐՕ դաշինքի համաժողովին հայտարարեց դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը։
Նա քաղաքական ուժերին կոչ արեց նախընտրական շրջանում քննարկումները տանել անվտանգության տեսանկյունից, հասարակությանը չմղել պոպուլիզի և անհիմն խոստումների թակարդը։
Պաշտպանության նախկին նախարարն ասաց, թե բաց ու առանց երկմտելու պատասխանելու է իրեն ուղղված բոլոր հարցերին։
«Ինչո՞ւ անկուսակցական պաշտպանության նախարարը մտավ քաղաքականություն, պատասխանը հստակ է, իմ որոշման հիմքում այն խորը համոզմունքն է, որ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոններով, հասարակական-բարոյական մթնոլորտով Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են։ Սա շրջադարձային պահ է բոլորիս համար, բոլորս պետք է գիտակցենք իրավիճակի լրջությունը և համատեղ ջանքերով փոխենք առկա համակարգը՝ ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը կամ կկանգնենք իրական աղետների առաջ», - հայտարարեց Սեյրան Օհանյանը։
Նախկին նախարարն ասաց, թե անձամբ պաշտոնակռիվ երբեք չի արել. «Չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել են բազմաթիվ տարբեր պաշտոններ, որոնցից ես հրաժարվել եմ։ Իմ կյանքի ամենաբարձր և պատվաբեր պաշտոնը դեռևս 25 տարի առաջ առաջին գծի խրամատում մարտնչելն էր զինվորի ու հասարակ ժողովրդի կողքին», - նշեց Սեյրան Օհանյանը։