25/02/2017 10:10
Բոլոր հոռետեսների այն ասածին, որ Հայաստանն ապագա չունի, պատասխանն այսօրվա մեր երիտասարդությունն է. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարևորել ավանդական դարձած այս նախաձեռնությունը և մաղթել հետագա հաջողություններ:
«Ուզում եմ բոլորիդ ներկայությամբ շնորհակալություն հայտնել այսօրվա այս գեղեցիկ երեկոյի կազմակերպիչներին նաև այն բանի համար, որ այսօր հնարավորություն ունեմ շփվելու ձեզ հետ, որովհետև այսպիսի շփումները միշտ նոր լիցք են հաղորդում, եռանդ են հաղորդում: Եվ ես մշտապես հաճույքով եմ հանդիպում երիտասարդների հետ՝ լինեն նրանք զինվորականներ, գիտնականներ, ուսանողներ, թե մեր կուսակից ընկերները: Սա նաև հնարավորություն է տալիս ճշտելու մեր ուղին, ճշգրտումներ մտցնելու մեր աշխատանքի մեջ: Իհարկե, թախիծով ու նաև հպարտությամբ շնորհավորում եմ հայրենիքի սահմանները պաշտպանելիս քաջի մահով ընկած մեր զինվորականներին ու նրանց ծնողներին: Թախիծով, բնականաբար, որովհետև նրանք չկան, ավելի ճիշտ՝ այս դահլիճում չեն, ու հպարտությամբ, որովհետև մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ունեն արժանապատվություն, պարտքի զգացողություն, ովքեր ունեն հայրենասիրական ջերմ զգացումներ»,-ասել է ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև մյուս մրցանակակիրներին, որոնց պատմությունը հաջողությունների պատմություն է:
«Եվ ես կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները չափազանց կարևոր են, որովհետև մենք պարտավոր ենք ուղղակի առանձնացնել և ուրիշներին ի ցույց դնել մեր լավագույններին՝ այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, իրենց տաղանդի, շնորքի շնորհիվ կարողանում են հասնել հաջողությունների: Ես չեմ հավատում այն խոսքերին, որ հատկապես ծնողներն են սիրում երեխաներին ասել, որ վատ օրինակը վարակիչ է: Այդպես չէ՝ լավ օրինակը շատ ավելի վարակիչ է, և մենք պետք է կարողանանք, անպայման, այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ձգտման ցուցանիշ: Դրա համար ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ մեկ անգամ ևս հրապարակավ հայտարարել, որ բոլոր դժգոհների, բոլոր հոռետեսների այն ասածին, որ Հայաստանն ապագա չունի, պատասխանը ձեր գործունեությունն է, այսօրվա մեր երիտասարդությունն է, նրա ձեռքբերումները»,-ասել է Սերժ Սարգսյանը։