25/02/2017 14:14
Սիրիացի օպերատորին թույլ չեն տվել մասնակցել «Օսկարին»
ԱՄՆ ներգաղթային իշխանությունները թույլ չեն տվել սիրիացի օպերատոր Խալիդ Խատիբի մուտքն ԱՄՆ, որն աշխատել է «Օսկար» մրցանակի ներկայացված «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմում, հայտնում է Associated Press գործակալությունը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը վերջին րոպեին արգելել է Խատիբի մուտքը երկիր։ Նրան մերժել են «վարկաբեկող բնույթի տեղեկության» հայտնաբերումից հետո։ Այս կատեգորիան, ինչպես նշում է գործակալությւնը, կարող է ներառել ինչպես տվյալ անձի ահաբեկչության հետ կապ ունենալու մասին տվյալներ, այնպես էլ անձնագրի հետ ունեցած խնդիրները։
«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ Հոլիվուդում: 40 րոպե տևողությամբ «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմը պատմում է Սիրիայում պատերազմի մասին։ Այն «Օսկարի» է ներկայացվել «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում։