25/02/2017 19:08
ՀՀԿ գրասենյակում Մասիսի միջադեպին չեն անդրադարձել, կազմակերպչական հարցեր են քննարկվել. Վահրամ Բաղդասարյան
«Հանրապետական» կուսակցության գրասենյակում այսօր կազմակերպչական հարցեր են քննարկվել, Մասիսում ՀՀԿ-ական երկու թեկնածուների միջև գրանցված միջադեպին առանձին անդրադարձ չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Առանձին անդրադարձ չի եղել, ընդհանուր կարգապահության մասին է խոսվել, որ նման դեպքերը ընդհանրապես չպետք է լինեն և պետք է կանխարգելվեն: Այսինքն, թիմը պետք է լինի հաշտ, համերաշխ և թիմը ոչ միայն պետք է պատասխանատվություն կրի իր համար, այլև նպաստի, որպեսզի այնպիսի ընտրություններ լինեն, որոնք ընկալելի կլինեն և՛ մեր հանրության, և՛ միջազգային հանրության համար», - ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Նա նշեց, թե պետք է շատ հետևողական լինեն, որ նման դեպքեր չլինեն, իսկ նման դեպքերն, ըստ Բաղդասարյանի, պետք է պատժվեն։