25/02/2017 15:26
Վարդան Օսկանյան. Որպես անհատ՝ բազմաթիվ թերություններ ունեմ, բայց պաշտոնն ու փողն արժեք չեն
«Եթե ազգովի թույլ տանք, որ անդունդի եզրին հայտնված իշխանությունը վերարտադրվի, հավատացեք, որ հաջորդ տասնամյակներում մեզ լավ բան չի սպասվելու», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի համաժողովին հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։
«Իշխանափոխության հրամայականն այսօր Հայաստանում օդում է», - նշեց նա։
Նրա խոսքով՝ երկու տասնամյակ եղել է իշխանության մեջ:
«Որպես անհատ, իհարկե, բազմաթիվ թերություններ ունեմ, բայց երկու հարցում ես ինձ անթերի եմ համարում՝ նվիրում հայրենիքին և ազնիվ աշխատանք պետական համակարգում», - ընդգծեց Օսկանյանը:
Օսկանյանի խոսքով՝ այդ երկու տասնամյակում, երբ աշխատել է երկու նախագահների հետ, երբեք չի ծառայել մարդուն, այլ ծառայել է երկրին, ժողորդին, հայրենիքին։
«Այդ երկու տասնամյակի ընթացքում չի եղել մի դեպք, որ ես ինչ-որ մեկից մի բան խնդրեմ կամ իմ պաշտոնն ու պետության ընձեռած հնարավորությունները չարաշահեմ։ Երբ ավարտել եմ իմ պաշտոնավարությունը, հակառակ նրան, որ ինձ առաջարկվել է բարձրագույն պաշտոններ, ես նախընտրել եմ դուրս մնալ իշխանությունից, որպեսզի կարողանամ իմ ներդրումը բերել Հայաստանում քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի և ընդդիմության ձևավորմանը», - ասաց Վարդան Օսկանյանը։
Վերջինս նշեց նաև, թե միշտ ապացուցել է, որ իր համար պաշտոնը և փողն արժեք չեն։