25/02/2017 13:06
Նախագահ Թրամփի թիմի արշավը մամուլի ազատության դեմ. որոշ ԶԼՄ-ների աշխատանքը Սպիտակ տան մամլո խոսնակի հետ արգելվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամլո խոսնակ Շոն Սփայսերի գրասենյակում նախօրեին կայացած բրիֆինգին արգելվել է ամերիկյան New York Times, Los Angeles Times, Politico, BuzzFeed եւ բրիտանական BBC եւ Guardian պարբերականների մուտքը:
Մամլո խոսնակի գրասենյակում անցկացվող այս ոչ ֆորմալ զրույցները տեղի են ունենում ավանդական հարցուպատասխանից առաջ, որը հեռարձակվում է:
Ամերիկյան հինգ առաջատար հեռուստաընկերություններից արգելվել է CNN-ի մուտքը բրիֆինգին:
Նախագահ Թրամփը իր բազմաթիվ ելույթներում իր դժգոհությունն է արտահայտել խնդրո առարկա ԶԼՄ-ների կողմից իր քաղաքականության լուսաբանման հարցում՝ անվանելով նրանց «կեղծ լուրերի կազմակերպություններ»:
Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան, որը միավորում է նախագահականում հավատարմագրված բոլոր լրագրողներին, իր դժգոհությունն է արտահայտել այս զարգացման վերաբերյալ՝ անվանելով դա Սահմանադրության առաջին փոփոխության (խոսքի ազատություն) կոպիտ խախտում:
Արգելված ԶԼՄ-ների իրենց գործընկերներին ի պաշտպանություն հատուկ հայտարարություններով են հանդես եկել Associated Press, Time ամսագիրը եւ USA Today-ը՝ ովքեր բոյկոտել են ասուլիսը:
Ի դեպ, 2016-ի դեկտեմբերին Սփայսերը ասել էր, որ մամուլի աշխատանքին խոչընդոտներ են ստեղծում միայն «բռնապետները»:
@realDonaldTrump Sean Spicer said it best in December: this is what dictators do pic.twitter.com/3126M7kJgC
— The Tylt (@TheTylt) February 25, 2017
Wall Street Journal-ը հայտարարել է, որ բոյկոտելու է փակ ֆորմատով անցկացվող հանդիպումները քանի դեռ մյուս ԶԼՄ-ները չեն ստանում անկողմնակալ վերաբերմունք:
Նշված փակ հանդիպմանը հրավիրվել են երբեմն ծայրահեղական հրապարակումներով հայտնի Breitbart News-ը (որի նախկին ղեկավար Սթիվ Բեննոնը նախագահ Թրամփի գլխավոր խորհրդականն է), Washington Times-ը (որը ստեղծվել է Washington Post-ի հետ շփոթություն առաջացնելու համար 1990-ականներին եւ հայտնի է տարբեր լոբբիստական խմբերի քարոզչությունը առանց գովազդային հայտարարության հրապարակելու պատճառով) եւ մինճեւ վերջերս անհայտ (ստեղծվել է 2013-ին) One America News Network լրատվական կազմակերպությունը: Երեքն էլ պահպանողական ուղղվածություն ունեցող ԶԼՄ-ներ են:
Նախագահ Թրամփի թիմը մամուլի հետ հարաբերություններում դեռեւս շարունակում է դժվարություններ ունենալ:
Մամուլի հետ աշխատանքի հարցերով նախագահ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը առավել հայտնի դարձավ «այլընտրանքային փաստեր» տերմինի պատճառով, երբ հեռուստաընկերություններից մեկի հարցին, թե ինչու է Սպիտակ տունը սուտ տեղեկություններ տարածում երդմնակալության արարողությանը մասնակցած մարդկանց թվի վերաբերյալ, ասել էր, որ նախագահ Թրամփի մամլո խոսնակ Սփայսերը հայտնել է «այլընտրանքային փաստեր»:
Law professors file misconduct complaint against Kellyanne Conway, says she "brings shame upon the legal profession" https://t.co/qDT8zXpR7H pic.twitter.com/CBbNoZAdrC
— Kyle Griffin (@kylegriffin1) February 24, 2017
Մասնագիտությամբ իրավաբան Քոնուեյի վերաբերյալ իրավունքի մի քանի հայտնի պրոֆեսորներ նամակ են տարածել, ասելով, որ նա «խայտառակում է իրավաբանի մասնագիտությունը եւ պետք է հեռացվի փաստաբանական պալատից»: