25/02/2017 14:26
ՀՀ կառավարությունը պատասխանել է Վահան Շիրխանյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ կապված ՀՀ կառավարությունը պատասխան է ուղարկել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
«Պատասխանն ուղարկվել է փետրվարի 22-ին, հիմա դեռ իմ տրամադրության տակ չկա կառավարության՝ ՄԻԵԴ-ին ուղարկված պատասխանը։ Եվրոպական դատարանում պարոն Շիրխանյանի փաստաբանները կստանան պատասխանը, կփոխանցեն ինձ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Նշենք, որ ՀՀ կառավարությանը ժամկետ էր տրված պատասխանն ուղարկել ՄԻԵԴ մինչև փետրվարի 22-ը։
Aysor.am-ի հետ զրույցում ավելի վաղ Հայկ Ալումյանն ասել էր, որ հարցերը վերաբերում են Վ. Շիրխանյանի առողջական վիճակին՝ ներկայում առողջական ի՞նչ վիճակում է գնտվում, ի՞նչ բուժումներ է ստանում ու արդյոք այդ ստացած բուժումները համարժեք են առողջական վիճակին։
Նշենք, որ փետրվարի 23-ին Վահան Շիրխանյանին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վահան Շիրխանյանը, հիշեցնենք, մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու համար. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով։