25/02/2017 15:37
Ֆիլմ մարդկանց ճակատագրերի ու ապրելու իրավունքի մասին. Տեղի է ունեցել Ստեփանակերտի շրջափակման մասին պատմող «Պաշարվածները» ֆիլմի պրեմիերան
Այսօր տեղի ունեցավ Արցախյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի շրջափակման մասին պատմող «Պաշարվածները» ֆիլմի պրեմիերան: Այն նկարահանվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ, Հրանտ Մելիք-Շահնազարյանի և Արմեն Մինասյանի հեղինակությամբ:
«Ֆիլմում, ինչպես տեսաք, գրեթե չի խոսվում պատերազմի մասին: Այն մարդկանց մասին է, պատմում է այդ օրերին ստեփանակերտցիների առօրյայի մասին», - ֆիլմի դիտումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց համահեղինակ Արմեն Մինասյանը:
«Պատերազմի թոհուբոհում մարդը շատ է հետին պլան մղվում, մենք ցանկացանք ցույց տալ մարդուն՝ իր իրավունքներով, հատկապես ապրելու իրավունքով: Ֆիլմը կոչված է օգնելու, որ տեսնենք ինչի հետ գործ ունենք ու որ թարմացնենք մարդկանց հիշողությունը: Հիմա էլ է արցախցիների առջև դրված գոյատևելու հարցը, որովհետև արցախցիներն արձագանքում են ադրբեջանական ագրեսիային», - ասաց Արմեն Մինասյանը:
Ֆիլմի համահեղինակ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, որն անձամբ է վերապրել Ստեփանակերտի շրջափակումը, ֆիլմն առաջին հերթին ցուցադրում է, ադրբեջանցիների կողմից հայկական խաղաղ բնակչությունը բնաջնջելու քաղաքականությունը, որը հիմա էլ կա:
«Հուսանք՝ սա փաստացի նյութ կդառնա միջազգային հանրությանն ավելի պարզ ներկայացնելու համար, թե ինչի հետ գործ ունենք», - ասաց հեղինակը:
Aysor.am-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով նաև այսօր սահմանային իրավիճակի լարմանն ու նախօրեին Թալիշի արկակոծմանը՝ քաղաքագետն ասաց՝ սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր քաղաքականությունից:
«Ամեն հարմար առիթ ադրբեջանցիներն օգտագործում են, որ ցույց տան՝ թիրախի ընտրության հարցում իրենք սահմանափակում չունեն ու հանգիստ կարող են կրակել խաղաղ բնակչության վրա», - ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ֆիլմի պրեմիերային ներկա էր նաև դրանում նկարահանված, Արցախյան ինքնապաշտպանական զորքերի հրամանատար Արկադի Կարապետյանը, որն ընդգծեց՝ նման ֆիլմերը կարևոր են մեր հիշողությունները թարմացնելու ու երիտասարդներին փոխանցելու առումով:
«Մենք դրանով անցել ենք ու մեզ թվում է, թե բոլորն այդ մասին գիտեն: Բայց երբ շփվում ես երիտասարդների հետ, տեսնում ես, որ իրենք համարյա տեղյակ չեն կամ այլ կերպ են պատկերացնում իրականությունը», - ասաց Արկադի Կարապետյանը՝ նշելով, որ ֆիլմը տալիս է նաև պատասխաններ, այն առումով, որ Ստեփանակերտի ապաշրջափակման համար կատարվեցին կենսական նշանակություն ունեցող ռազմական օպերացիաներ:
«Այս ֆիլմը նայելուց հետո, երևի շատ մարդ կհասկանա, թե իրավիճակը շտկելու համար ինչ է պետք: Մենք հիմա անհամեմատ շատ ավելի լավ վիճակում ենք, քանի որ ունենք զենք ու բանակ», - ասաց Արկադի Կարապետյանը:
Ֆիլմի հեղինակների խոսքով՝ «Պաշարվածները» առաջիկայում կցուցադրվի հեռուստատեսությամբ ու կթարգմանվի նաև մի քանի լեզուներով, որպեսզի հասանելի դառնա արտասահմանյան լսարանին: