27/02/2017 10:47
Վարչապետի հանձնարարականի հետքերով. 45 կազմակերպություններում հայտնաբերվել են 196 անվանում չգրանցված դեղեր
2016 թվականի դեկտեմբերի 1-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հանձնարարել էր ուսումնասիրել դեղերի շուկան։
«Հաշվի առնելով, որ կեղծված ու նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում դեղագործության ճյուղի զարգացման ու շուկայում մրցակցային հարաբերությունների վրա, հանձնարարում եմ երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն», - նշել էր Կարեն Կարապետյանը։
Aysor.am-ն առողջապահության նախարարությունից հետաքրքվել է՝ մինչ այժմ ինչ աշխատանքներ են կատարվել վարչապետի հանձնարարականի վերաբերյալ։
Նախարարության առողջապահական պետական տեսչությունից Aysor.am-ին հայտնեցին, որ վարչապետի կողմից տրված հանձնարարականի հիման վրա տեսչությունում հարուցվել է 52 վարչական վարույթ՝ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների և դրանց առնչվող այլ իրավական ակտերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
«Հարուցված վարչական վարույթների արդյունքում՝ 45 կազմակերպություններում հայտնաբերվել են 196 անվանում չգրանցված դեղեր», - փոխանցեցին տեսչությունից։
Aysor.am-ին տրված տվյալների համաձայն՝ 12 կազմակերպություններում հայտնաբերվել են 56 անվանում ժամկետնանց դեղեր։
«Թվով 47 կազմակերպությունների տնօրեններին էլ տրվել են կարգադրագրեր և նրանց նկատմամբ կիրառվել է վարչական տույժ», - հավելեցին ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունից։