28/02/2017 17:01
Դա հնարավոր է իրականացնել, մենք կասենք՝ ինչպես դա անել. ՀՎԿ-ն նախընտրական ծրագրում կարևորելու է «Նաիրիտի» շահագործման հարցը
ՀՎԿ կուսակցությունն իր նախընտրական ծրագրում կարևորելու է երկրում արդյունաբերության զարգացման խնդիրները, մասնավորապես, «Նաիրիտի» և «Քիմպրոմի» վերագործարկման խնդիրները։ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ՀՎԿ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու Մհեր Շահգելդյանի հետ։
- Պարոն Շահգելդյան, դեռ քարոզարշավը չսկսած՝ տեղեկություններ են շրջանառվում ընտրակաշառքների մասին։ Ինչպե՞ս եք պայքարելու այս երևույթի դեմ։
- Իրականության մեջ սկսվել է խայտառակ գործընթաց՝ անընդհատ առաջարկություններ են լինում։ Հատկապես ռեյտինգային թեկնածուները, օգտվելով մարդկանց աղքատությունից, նրանից որ աշխատատեղեր չկան, ծանր սոցիալական վիճակ է, անընդհատ փողի մասին խոսակցություններ են հնչեցնում։ Մենք աշխատելու ենք այս խնդրի դեմ պայքարելու համար, միաժամանակ տեսնում ենք, որ մարդկանցից շատերը նույնիսկ փող վերցնելու դեպքում քվեարկում են խղճի մտոք։ Ցավոք սրտի, այս անգամ էլ կլինեն շատերը, որ ընտրակաշառքի արդյունքներով կքվեարկեն, ինչն անթույլատրելի է։
- Մի առիթով ՀԱԿ-ը տեսակետ է հայտնել, որ եթե այս անգամ էլ ընտրությունները կեղծվեն, ապա մեղավորը ժողովուրդն է լինելու, քանի որ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը բացառելու է կեղծ քվեարկությունը։ Համակարծի՞ք եք։
- Իհարկե, տեխնիկական վերահսկողության խնդիրները ավելի բարձրացնում են թափանցիկությունը, դրա համար էլ փաստաթուղթը ստորագրեցինք, բայց մենք մի քանի պրոբլեմ ենք տեսնում՝ և´ ընտրակաշառքի, և´ հոգեբանական ճնշման։ Սկսվել են մեծ տեղաշարժեր։ Մարդկանց մի տեղից հանում են և մեկ այլ տեղ են գրանցում։ Միջնադարյան Եվրոպայում սկսված ժողովրդի մեծ տեղաշարժը հիմա Հայաստանում է կիրառվում։
- Իսկ ինչի՞ վրա է քարոզարշավի ժամանակ շեշտը դնելու ՀՎԿ-ն։
- Ծրագրերը կներկայացվեն, կտեսնեք։ Շեշտը դրվելու է մեր ծրագրերի վրա։ Ժողովրդի հետ մենք աշխատում ենք տարիներ շարունակ, այլ ոչ թե ընտրություններից ընտրություն։ Չունենք մի բնակավայր, որտեղ կառույցներ չունենանք։
- Ձեր խմբակցությունը խորհրդարանում բազմիցս հանդես է եկել «Նաիրիտը» վերագործարկելու մասին հայտարարություններով։ ՀԱԿ-ն իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ եթե գա իշխանության, ապա կշահագործի «Նաիրիտը»։ Այս խնդիրը ձեր ծրագրերում ներառե՞լ եք։
- Այո՛, մենք և´ «Նաիրիտի» համար ենք բազմիցս պայքարել, և´ «Քիմպրոմի» համար։ Դրա հետ մեկտեղ, մենք ամբողջական արդյունաբերության վերականգնման խնդիրներն ենք առաջարկում, ինչը հնարավոր է իրականացնել, և մենք կասենք՝ ինչպես դա անել։ Մեր ծրագրերում այդ ամենի վերաբերյալ կան շատ իրատեսական մոտեցումներ։