28/02/2017 15:43
Ընտրակաշառքի և աջակցության ձևով մտնում են տները, ցուցակագրում, թե ով ինչ խնդիրներ ունի. Հեղինե Բիշարյան
Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում ընտրակաշառքների բաժանումն արդեն սկսվել է, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչական շրջանում «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) ռեյտինգային ցուցակով առաջադրված Հեղինե Բիշարյանը։
«Այս պահին չունեմ ինֆորմացիա Սամվել Ալեքսանյանի մարդիկ են, թե ուրիշի, բայց ընտրակաշառքի, աջակցության, օգնության ձևով մտնում են տները, ցուցակագրում են, թե ով ինչ խնդիրներ ունի, ում լույսի փողն է պետք վճարել, ինչ-որ մեկի գազի գումարներն են վճարում։ Հանկարծ սրտները թուլացել է, բոլորի մոտ սեր է բուսնել ու բոլորը ժողովրդի դարդով են սկսել զբաղվել», - ասաց նա։
Հ. Բիշարյանն ընդգծեց, որ այդ գործընթացը ոչ միայն վերը նշված վարչական շրջանում է իրականցվում, այլ համատարած բնույթ է կրում։
«Կոչ ենք անում մեր ընտրողներին տուրք չտալ ընտրակաշառքներին և իրենց խղճի մտոք գնալ ընտրության, որովհետև այս ընտրությունները թաղի տղերքի ընտրություններ չեն, այլ խորհրդարանի», - ասաց նա։
Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք ընտրություններից հետո պատրաստ են համագործակցել այլ ընդդիմադիր ուժերի հետ՝ Հ. Բիշարյանը պատասխանեց. «Բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը տեսանելի է, եթե մեր մոտեցումներն ու սկզբունքները համընկնեն։ Այդ մասին մենք պիտի խոսենք ապրիլի 3-ից հետո, երբ պարզ կդառնա, թե որ ուժերն են հայտնվելու խորհրդարանում»։